Архив за месяц: Апрель 2019

Դիպլոմային աշխատանք «Գրադարանավարը դպրոցում»

ԳԻՐՔԸ հայերի հոգեւոր կյանքի զարգացման պատմության մեջ կատարել ու այսօր էլ կատարում է անգնահատելի դեր: Այդ են վկայում մատենադարաններում ու գրադարաններում դարերով գոյատեւած հայկական ձեռագրերն ու ավելի քան 500-ամյա հայ տպագիր մշակույթը:

Սույն աշխատանքը նվիրված է դպրոցական կրթական համակարգում քիչ շոշափված, բայց մեծ նշանակություն ունեցող հիմնախնդիրներից մեկինՙ այդ համակարգի համակողմանի զարգացման գործում գրադարանների եւ գրադարանավար-մատենագետ մասնագետների դերի լուսաբանմանը: Դպրոցական կրթության ընթացքում է, որ աշակերտները հաղորդակցվում են գրականությանը, գրադարանի եւ գրադարանավարի հետ, ձեռք են բերում ընթերցողական եւ գեղարվեստական ճաշակ, զարգացնում բանավոր եւ գրավոր խոսքը, ցուցաբերում են կուտակած գիտելիքները դրսեւորելու կարողություններ:

Դպրոցական գրադարանները օժտված են մի շարք գործառույթներովՙ տեղեկատվական-հաղորդակցական, կրթադաստիարակչական, սպասարկման, մանկավարժական: Հայ գրադարանագիտության եւ մատենագիտության խնդիրն էՙ խթանել գրադարանային համակարգերի զարգացմանն ու նրանց գործունեության կատարելագործմանը, նպաստել ուսումնագիտական աշխատանքները գրքատեղեկատվական աղբյուրներով ապահովելու մեթոդական գործընթացներին:

Գլոբալ այդ հիմնախնդրի լուծման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ են.

Դպրոցական կրթական համակարգում գրադարանի, ընթերցողների եւ գրքային ռեսուրսների միջեւ հարաբերության որոշումը: Ուսումնական ծրագրերից բխող դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտների ընթերցողական պահանջների սոցիոլոգիական ուսումնասիրությունը եւ հետազոտության արդյունքների արդյունավետ կիրառումը: Այսպիսի գործունեության ծավալումը կարող է հստակություն մտցնել ոչ միայն տեղեկատվական աղբյուրների ձեռքբերման, այլեւ գրադարանները նախ եւ առաջ գրադարանավար-մատենագետ մասնագետներով համալրելու, գիրք-գրադարան-ընթերցող կապերը ակտիվացնելու եւ կրթական գործը արդյունավետ դարձնելու հարցերում:

Որպեսզի դպրոցում ստեղծվի տեղեկատվական-հաղորդակցական ճկուն միջավայր, անհրաժեշտ են գրադարանային ֆոնդերի շարունակական համալրում, գրքերի տեսության եւ թեմատիկ այլ միջոցառումների կազմակերպում, գրադարանային-մատենագիտական լայն սպասարկումՙ անկախ դասական եւ տեխնոլոգիական մեթոդների կիրառումից: Իհարկե այս հարցերը գտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում, սակայն խոսքը ուսուցման գործընթացում գրադարանային-մատենագիտական գիտելիքների տարածմանն ու տեղեկատվական միջոցները ավելի մատչելի դարձնելու մասին է, որոնցում աշխատանքային իրենց մասնաբաժինն ունեն գրադարանավարները:

Ակնհայտ է, որ ժամանակակից գրադարանային գործում կարեւոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներինՙ համակարգչայնացմանըՙ որպես դպրոցի նյութատեխնիկական բազայի բաղկացուցիչ մասի: Սակայն չպետք է մոռանալ, որ կրթական եւ հասարակական կյանքի զարգացման մեջ լայնածավալ տեղ ունի նաեւ հումանիտար զարգացումըՙհասարակության հումանիտարացումը : Հետեւապես խոսքը վերաբերում է գրադարանային եւ կրթական գործի երկկողմանիՙ հումանիտար եւ տեխնոլոգիական զարգացումներին:Ելնելով ժամանակի պահանջիցՙ հարկավոր է լուծել տեղեկատվական տեխնոլոգիաներից կախում ունեցած անհատի հումանիտարացման խնդիրը, որովհետեւ առանց գրքի ճանաչողական դերի բարձրացմանը եւ հումանիտար գիտելիքների խորացմանը անիմաստ է խոսել կրթադաստիարակչական ընդհանուր գործի եւ անձի ինտելեկտուալ զարգացման մասին:

Մեր կարծիքով, գրքից հեռանալու եւ ընթերցանության պակասի միտումները, որոնք նկատելի են նաեւ հայ իրականության մեջ, արդյունք են հենց տեխնոլոգիական միջոցների մասսայական տարածմանն ու նրանց հետ «անհարկի» կապի. ստեղծվել է սոցիալ-հոգեբանական մի իրավիճակ, որն անգամ սահմանափակել է ծնողների կապն ու շփումը երեխաների հետ… Ավելին, գրելու արվեստը, որպես մշակութային երեւույթ, անհետանում է: Այս իրավիճակը թելադրում է էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրներից օգտվողների (անկախ սեռից, տարիքից եւ ազգությունից) ընթերցանության ղեկավարման նոր, բայց դժվարին խնդիր, որի իրականացումը խիստ պարտադիր է:

Ներկա դարաշրջանի գլոբալ հարցերից են նաեւ գրքային ռեսուրսների անվտանգության ապահովումը, մշակութային ժառանգության եւ հեղինակային իրավունքի պահպանումը (հատկապես «թվայնացման» գործընթացում), տեղեկատվական ու տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարելը, որոնցում նույնպես կարեւոր դեր ունեն գրադարանավարներն ու մատենագետները: Ելնելով ասվածի կարեւորությունից անհրաժեշտ է ավելացնել, որ արդի տեղեկատվական եւ տեխնոլոգիական համակարգերի զարգացումների պայմաններում մարդկության գլխավոր խնդիրըՙ քաղաքակրթությունների պահպանումն է եւ մշակութային ժառանգության փոխանցումը ապագա սերունդներին: Հակառակ դեպքում տեխնոլոգիական մրցավազքը կարող է տանել մարդկային եւ հոգեւոր արժեքների կործանման:

Հաշվի առնելով դպրոցական կրթության եւ գիտության զարգացման արդի պահանջները, անհրաժեշտ է ստեղծել գրադարանային-տեղեկատվական բազմալեզու աղբյուրների միասնական համակարգ, որի գործուն պայմաններում պետք է պահպանել ազգայինը: Ուշադրություն դարձնել դպրոցներում գրադարանային-մատենագիտական ընտրովի առարկաների ուսուցմանը, որն այսօր շրջանցված է: Մինչդեռ «գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական» մասնագիտությամբ շրջանավարտները, համաձայն կրթական չափորոշիչների, բուհն (ի դեպ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում այս մասնագիտությամբ կադրեր պատրաստող) ավարտելուց հետո իրավունք ունեն աշխատել նաեւ դպրոցների գրադարաններում: Տվյալ մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ բակալավրի, ինչպես նաեւ մագիստրոսի գործունեությունը, առնչվելով համապատասխան դպրոցի գրադարանի հետ, նպատակաուղղված է գրադարանային ֆոնդի զարգացմանը, պահպանմանը, ընթերցանության սպասարկմանը: Կախված մասնագիտական գործունեության տեսակետիցՙ նրանք պետք է տիրապետեն ծրագրային ուսումնական գրականությանը, պատկերացում ունենան գրադարանի գործառույթների մասին, կարողանան կատարել տեղեկատվական եւ վիճակագրական ինքնուրույն վերլուծություններ, ունենան հիմնարար գիտելիքներՙ իրագործելու գրադարանային-մանկավարժական աշխատանքներ:

 

Վերջին տասնամյակներում հանրապետության դպրոցներում իրականացված բարեփոխումների շնորհիվ մեծ ծավալի աշխատանք է տարվել կրթական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի կազմման ուղղությամբ: Մատենագիտական ստուգումները ցույց են տվել, որ դպրոցում ուսուցանվող «Աշխարհագրություն» եւ «Հայաստանի աշխարհագրություն», «Հայերենագիտություն», «Համաշխարհային պատմություն», «Ես եւ շրջակա աշխարհը», «Հայոց պատմություն» եւ այլ առարկաների վերաբերյալ 2006 թ. կազմված ուսումնական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերին կից գրականության ցանկերում նույնպես առկա են բազմաթիվ անճշտություններ ու սխալ նկարագրություններ: Նրանցում բացակայում են ոչ միայն հեղինակների ազգանունների այբբենական կարգը, այլ պահպանված չեն գրքերի մատենագիտական նկարագրման մյուս տարրերըՙ վերնագրերի ամբողջական արտացոլումը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը (կամ համապատասխան էջերը), կետադրությունները: Օրինակՙ «Հայոց պատմություն առարկայի չափորոշիչներ եւ ծրագրեր» ուսումնական հրատարակության մեջ (2006 թ.) հանձնարարված գրականության ցանկում կարդում ենքՙ Հր. Սիմոնյան, Անդրանիկի ժամանակըՙ հ 1-2, Երեւան: Նախ տվյալ նկարագրության մեջ անընդունելի է բութ (՝) նշանը եւ ապա՝ հայտնի չէ գրքի հրատարակության թվականը: Նման հանձնարարության դեպքում ընթերցողը եւ անգամ գրադարանավարը կարող են հայտնվել անորոշության մեջ:

ԳՐԱԿԱՆ ՈՒՆԿՆԴՐՈՒՄՆ ՏԱՐՐԱԿԱՆ  ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Լեզուն պահպանելու համար առաջին հերթին այն պետք է սիրել և ճիշտ գործածել:Սիրենք ,պահպանենք և օգտագործենք հազարամյակներից ժառանգած մեր մեծագույն գանձը, մեր ինքնության հիմնական գրավականը՝ մեր մայրենի լեզուն:

Երեխան մայրենի լեզվվի կրողն է:Նա,լավ թե վատ ,ճիշտ թե սխալ,անընդհատ հաղորդակցվում է, արտահայտում իր մտքերը ,փորձում հասկանալ ու հասկանալի լինել:Կրտսեր դպրոցի խնդիրն է՝ օգնել երեխային ճիշտ կազմակերպելու գրավոր ու բանավոր խոսքը,կարողանալ արտահայտել իր հույզերը,զգացմունքները և հաղորդակցվել:

Գրական ունկնդրումն ուսուցման կազմակերպման մի տեսակ է,որտեղ պետք ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով երեխայի առօրյայի և ամենօրյա գործունեության հետ:Ուսումնական նշված միջավայրը նպաստում է ,որ երեխաները առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը,կարծիքներն ու հույզերը:

Գրադարանավարը գրական ունկնդրման դասերը պետք է վարի այնպես,որ երեխաները չհայտնվեն պասիվ ունկնդրի դերում:Ունկնդրման համար ընտրվող գեղարվեստական գրականությունը պետք է լինի

  • մատչելի և հետաքրքիր բովանդակությամբ,ոչ ծավալուն,պատմաողական ,դինամիկ զարգացող սյուժեով
  • բնության,հայրենի երկրի,կենդանիների,ճանապարհորդությունների մասին
  • երեխաների կյանքը արտացոլող,որպեսզի հիշեցնի սեփական անձի հետ կապված իրավիճակներ
  • հայ և արտասահմանյան մանկական գրականության դասականների ստեղծագործությունների ընտրանի /արձակ և չափածո/
  • ժողովրդական բանավոր ստեղծագործության նմուշներ
  • հումորային, զվարճալի պատմություններ

Ունկնդրման միջոցով աշակերտներն ընկալում են գրական տեքստը:Ունկնդրումը նպաստում է խոսքի , երևակայության և մտածողության զարգացմանը:Գրական ստեղծագործության միջոցով փոխանցվող դեպքերը հուզազգայական վերաբերմունք են առաջացնում:

Գրական ունկնդրման դասերն նպաստում են սովորողների բառապաշարի հարստացմանը:Ձևավորում է կենդանիների,շրջապատող աշխարհի ,բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք, կարդացածի վերաբերյալ կարծիք արտահայտելու կարողություն:Նրանք պարզագույն պատկերացում են կազմում շրջակա աշխարհի մասին:Ծանոթանում են հասակակիցների կյանքին,նրանց խնդիրներին:

Ճիշտ ընտրված հեքիաթները,մանկական պատմվածքներն ու բանաստեղծությունները հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն գրաճանաչության ընթացքը,կլրացնեն կարդալու և հաղորդակցվելու կարողությունների զարգացման ուղղված աշխատանքները,կլուսավորեն և կմարզեն երեխայի միտքը,կսովորեցնեն խոսել գեղեցիկ գրական հայերենով:Մինչ երեխային ինքնուրույն ընթերցանության համար գիրք առաջարկելը, անհրաժեշտ է նախապատրաստել նրանց նոր գրքի շուրջ աշխատանքին,այսինքն՝ ստեղծել պայմաններ,որոնց ընթացքում կարթնանա ճանաչողական հետաքրքրություն,ինչն էլ կօգնի աշակերտին հաղթահարելու կարդալու տեխնիկայի հետ կապված դժվարությունները:Աշակերտի ընթերցանության համար նախատեսված ոչ ծավալուն ստեղծագործությունը պետք է հրապուրի երեխաներին և ընթերցելու ցանկություն առաջացնի:

Անծանոթ գրքի ինքնուրույն ինքնուրույն ընթերցանությունն առաջին դասարանցու համար այնքան բարդ աշխատանք է ,որ առանց ուսուցչի կամ գրադարանավարի ճիշտ մշակված օգնության ,ոչ բոլոր աշակերտներն են ունակ դրանք հաղթահարելու :Այս տարիքում երեխաները նախընտրում են ունկնդրել գեղարվեստական ստեղծագործությունը և ոչ թե ընթերցել:Հարկավոր է երեխաներին սովորեցնել հաղթահարել կարդալու հետ կապված դժվարությունները:Պետք է աշխատանքն այնպես կազմզմակերպել,որ աշակերտները հաճույք ստանան ինքնուրույն կերպով գրքին հաղորդակցվելիս:

Գրական նյութերի նուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում:Երեխան լսում, կարդում, ապա դիտում է իր կարդացածը:Արդյունավետ և հետաքրքիր է անցնում գրական ունկնդրման դասաժամը,երբ աշակերտը լսում ր դիտում է հեքիաթները , ապա պատմում-ձայնագրվում է թվային ձայնագրիչով և նորից լսում, հետո նկարում է վրձնով,ինչպես նաև համակարգիչով,բեմադրում-տեսագրում է՝ դառնալով հեքիաթի կերպար և հերոս:

Հմաշխարհային մանկական գրականությունից անհրաժեշտ է ընտրել այնպիսի նմուշներ,որոնց ընթերցումը խթանում է երեխայի ստեղծագործական միտքը,նպաստում երևակայության զարգացմանը:Այդպիսի գործեր են ,օրինակ ՝ Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», Վ.Բիրյուկովի «Քաղաքավարի գորշուկը», Դ.Բիսեթի «Մոռացված ծննդյան օրը» …

Նոր գրքին ծանոթացումը կատարվում է հետևյալ ընթացքով.երեխաները ուսումնասիրում են գրքի շապիկը,որոնում և գտնում են վերնագիրը, հեղինակի անուն — ազգանունը,թերթում են գիրքը: Աշակերտներից որևէ մեկը բարձրաձայն ընթերցում է գրքի սեղմագիրը:Այնուհետև երեխաներն արտահայտում են իրենց ենթադրությունները ՝ գրքի բովանդակության մասին:Ուսուցիչը ցուցում է տալիս,թե այդ գրքից որ ստեղծագործությունն է անհրաժեշտ ընթերցել: Ընթերցելուց հետո անհրաժեշտ է կատարել տարաբնույթ աշխատանքներ տեքստի շուրջ:Կարելի է հանձնարարել տանը նկարել, փնտրել և դասարան բերել նմանատիպ նոր ստեղծագործություններ:

Գրադարանավարը մեկնաբանում է ստեղծագործության վերնագիրը, ժանրը, թեման, իսկ գրքի շուրջ ամբողջ աշխատանքն անցկացվում է երեխաների սկզբնական ընկալումից հետո:

Ընթերցանության փուլ

1. Խոսքային վարժությունների նյութն ընտրվում է այնպես,որ հնարավորություն ստեղծվի ակտիվացնելու երեխաների կենսափորձը:Միևնույն ժամանակ ներկայացված պատկերները պետք է փոխկապակցված լինեն տեքստի բովանդակության հետ:Դրանք նախապես գրվում են վահանակների վրա, իսկ մյուս կողմում ՝ նկարներն են:

Ակնկալվող պատասխաններ լսելուց հետո հանձնարարվում է բնութագրել կենդանիներին իրենց պատկերացմամբ.

Աքաղաղ-ազնիվ,միամտ,լսող

Շուն-հավատարիմ,ուժեղ,բարի

Աղվես-խորմանակ, խարդախ,գող

2.Որպես դադար,փորձում ենք ինչ -որ շարժումով նմանակել վերը նշված հերոսներին:

3.Հանձնարարում է բացել Հովհ.Թումանյանի հեքիաթների գիրքը , ծանոթանալ հեղինակի հետ և գուշակել,թե որ հեքիաթն ենք կարդալու :

Ընթերցանությունը սկսում ենք անհատական մոտեցում ցուցաբերելով:Թույլ մտավոր կարողություններ ունեցող աշակերտներին հանձնարարվում է կարդալ վերնագիրը և խորհել , թե ինչի մասին կարող է լինել հեքիաթը:Միջին ունակություններ ունեցող աշակերտները ընթերցում են մի հատված:Ուժեղներին հանձնարարվում է ընթերցել ամբողջը և մտածել գրատախտակին գրված հարցի շուրջ:Կարդալուց հետո բացատրվում է անհասկանալի բառերն ու բառակապակցությունները:Կատարում են ստեղծագործական աշխատանք՝ հեքիաթի նկարազարդման,բովանդակության,կերպարների շուրջ:Այն ներառում է հետևյալ քայլերը.

  • նկարը համեմատել հեքիաթի բովանդակության հետ
  • հեքիաթի,որ դրվագն է ներկայացվածնկարում
  • նկարագրել հերոսներին.ինչպես են խոսում կամ ինչ են խոսում

Հանձնարարվում խմբային աշխատանք:Աշակերտները բաժանվում են երեք խմբի:Առաջին խումբը մտածում է նոր վերնագիր ,երկորդը փոխակերպում է հերոսներին,երրորդ խումբը մտածում է հեքիաթի այլ ավարտ:Լսվում և քննարկվում են բոլոր խմբերի պատասխանները:Խրախուսվում են բոլորը:

Կարևոր է աշակերտների հետ քննարկել տեքստի շուրջ կատարվող աշխատանքները:Երեխան պետք է կարդա հասկանալով, ընկալի տեքստի հիմնական միտքը: Ընկալելուց բացի՝ կարևոր է, որ երեխան կարողանա վերարտադրել , այսինքն ՝ պատմել տեքստի հիմնական բովանդակությունը՝ փոփոխելով առանձբառեր կամ նախադասություններ:Խնդիրն այլ է, եթե ուսուցչի կողմից հանձնարարվում է մտածել նոր ավարտ կամ փոխել հերոսներին:

ԽԱՂԸ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ

Կրտսեր դպրոցական տարիքում երեխանեը դեռևս խաղի մեծ պահանջմունք ունեն:Խաղը երեխաների մտավոր ակտիվության դաստիրակման արժեքավոր միջոց է:Այն երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն է առաջացնում.զարգացնում է ճանաչողությունը`օգնելով յուրացնել ցանկացած նյութ:

Ընթերցանությունը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ է գտնել ընթերցանության  այնպիսի հնարներ,որոնք ոչ միայն ցանկալի ու հետաքրքիր լինեն երեխաների համար,այլև ունենան ուսուցողական,ճանաչողական նշանակություն և միաժամանակ խթանեն աշակերտների ստեղծագործական միտքը:

Այդպիսի հնար է խաղը,որը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից:Ընդհանրապես կրտսեր դպրոցականի համար խաղը ճանաչվում է որպես գործունեության հիմնական ձև: Գործունեության այս ձևը հատկապես կարևորվում է տվյալ տարիքային խմբի համար:

Կրտսեր դպրոցական տարիքի երեխայի համար առաջատար գործունեություն արդեն սկսում է դառնալ ուսումը:Բայց այդ դպրոցականը,որը դեռ երեկ տարված էր իր զվարթ խաղերով,չի կարող լիովին զերծ մնալ դրանից:Այդ իսկ պատճառով,երբ ուսուցումը համեմվում է խաղերով,դրանք երեխաների համար դառնում են ավելի հետաքրքիր,սրտամոտ ու ցանկալի:

Երբ խաղը մուտք է գործում կենդանի մանկավարժական գործընթացի մեջ,դասարանում ստեղծվում է մի նոր,յուրահատուկ միջավայր:Եթե ուսուցիչ-աշակերտ և,ինչու չէ,աշակերտ-աշակերտ հարաբերություններում մինչև այդ գոյություն ունեին ինչ-ինչ պատնեշներ,ապա դրանք աննկատելիորեն անհետանում են:Այդ մթնոլորտը հնարավորություն է տալիս,որ աշակերտներն անկաշկանդ արտահայտեն իրենց մտքերը:Խաղն ունի մի այնպիսի հիանալի հատկություն,որ երեխային կարող է իր համար էլ աննկատելիորեն ընդգրկվել ընթերցանության մեջ:

Խաղի ժամանակ երեխան ավելի է կենտրոնանում`տարվելով հետաքրքրաշարժությամբ և ավելի հեշտությամբ էլ մտապահում է առաջին անգամ տեսածն ու լսածը:

Ընթերցանության գործընթացում կիրառվող խաղերին ներկայացվում են որոշակի մանկավարժական պահանջներ:Դրանցից ելնելով`անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել,որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային,աշակերտների տրամադրություններին ու տարիքային առանձնահատկություններին,ինչպես նաև օգնի`ճիշտ ըմբռնելու բովանդակությունը:

Ինչպես ցանկացած մանկավարժական հնար,ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է նույնիսկ ձանձրացնել երեխաներին,եթե չփոփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով խաղը պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի,այլ աստիճանական զարգացման մեջ,որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը, թե դրա և թե ուսուցման նկատմամբ:

Փորձը ցույց է տվել,որ կրտսեր դպրոցականների միջավայրում խաղն առավել արդյունավետ է լինում,եթե մինչև կիրառումը քննարկվում է աշակերտների հետ:Երբ հաշվի են առնվում երեխաների առաջարկությունները,խաղը դառնում է ավելի հետաքրքիր:Աշակերտները մեծ հաճույքով են մասնակցում և հեշտությամբ ու առանց պարտադրանքի ներգրավվում են ընթերցանության մեջ:

Առհասարակ խաղն ուսուցման գործընթացում օգնում է բազում նպատակների իրականացմանը:Լուծվում են ինչպես կրթական,այնպես էլ դաստիրակչական բազմապիսի խնդիրներ,ինչպիսիք են կարգապահություն,հաղորդակցում, իրար լսելու կարողություն, համագործակցություն և այլն:

Ներկայացնում ենք խաղերի մի շարք,որն ուղղված է ինքնուրույն ընթերցանությունը ավելի արդյունավետ անցկացնելու ու ցանկալի դարձնելու համար:

Խաղը նախատեսված է 30 հոգանոց III դասարանի համար:10-ական կազմում են խմբեր(յուրաքանչյուր շարքում 10 աշակերտ):

Խմբային աշխատանքի համար անհրաժեշտ են նախապես տեխնոլոգիայի ժամին կտրտած կարմիր,կանաչ,դեղին տերևներ և պաստառ`որի վրա պատկերված է հսկա ծառի բուն`ճյուղերով:Կարելի է ծառի վրա նկարել աչքեր,քիթ ու բերան:Բարի ժպիտը էլ ավելի կներշնչի երեխաներին,կոգևորի:

Բարձրաձայն կարդալ համապատասխան թեմայով ընտրված տեքստը:

Խմբերին կբաժանվի դեղին,կարմիր և կանաչ տերևները:Երեխաները նախապես տերևների ետևում կգրեն իրենց անունները:Գրադարանավարը կբացատրի առաջադրանքի էությունը:Խմբերից յուրաքանչյուրին կտրվի մի խոսքի մաս, ըստ խմբերի`դեղին-գոյական,կարմիր-ածական,կանաչ-բայ:Աշակերտները լուռ բնագրից կընտրեն խոսքի մասն ու կգրեն տերևի վրա:Ով շուտ վերջացնի,կմոտենա և կփակցնի ծառի ճյուղին իր տերևը:Արդյունքում խմբերից յուրաքանչյուրը կստուգի մյուսի առաջադրանքի ճշտությունը(կարմիրը դեղինի,դեղինը կանաչի,կանաչը կարմիրի):Քանի որ նախապես տերևների ետևում գրվել են աշակերտների անունները,կիմանան,թե ով չէ լավ յուրացրել խոսքի մասերը:Կհաղթի այն խումբը,ով անսխալ կկատարի առաջադրանքը,իսկ սխալ գրված խոսքի մասը <<ծառից կպոկվի և արմատների մոտ կփակցվի>>մինչև մյուս խաղը:

Այսպիսով օրինակ <<Ամենափրկիչը>>տեքստից  կընտրենք խոսքի մասեր:

 

ԴԵՂԻՆ-ԳՈՅԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ-ԱԾԱԿԱՆ ԿԱՆԱՉ-ԲԱՅ
Աշխարհակալ Ճերմակ Բուժել
Լենկթեմուր Հիվանդ Պառկել
Բժիշկ Ծեր Խոստանալ
Խուց Գեղանի Թողնել
Համբավ Մութ Ցանկանալ
Շրթունքներ Ալևոր ՈՒղարկել
Ծերունի Սև Կատարել
Գրքեր Համեստ Պարփակել
Թիթեռներ Նենգ Թռչել
Վանք Փոքրիկ Փրկել

 

Այս ամենի արդյունքում ստացվեց մի ծառ,որը խորհրդանշում է դասարանը և տերևները`աշակերտները:

Խաղի շնորհիվ լուծվում են թե՛ ուսումնական,թե՛ կազմակերպչական և թե՛ դաստիարակչական խնդիրներ:

Այսօր թե՛ կրտսեր,թե՛ միջին և թե՛ ավագ դպրոցականները մեծ մասամբ դիտում են օտարերկյա արտադրության ֆիլմեր,մուլտֆիլմեր,խաղեր,զբաղվում համակարգչային տարատեսակ խաղերով:Նույնիսկ բակային խաղերն են փոխվել:Երբեմնի <<Պահմտոցին>> այսօր դարձել է <<Ֆորտ Բոյարի բանալիները>>:

Ժողովրդական հեքիաթները,առակները,ասացվածքները,առածները միշտ էլ հոգեհարազատ են եղել բոլոր տարիքային խմբերին:

Ինքնուրույն ընթերցանության դասաժամերին`II,III,IV դասարաններում,հեքիաթների կամ այլ գլխագրերի թեմատիկ խմբի ամփոփումն ու ամրապնումը կարելի է զուգակցել երեխաներին հոգեհարազատ խաղով:

<<Ֆորտ Բոյարի բանալիները>>մի հետաքրքիր ու իմաստալից խաղ է:Այն կազմվել է հեռուստատեսային համանուն խաղի հիմքով:Խաղը կազմված է ընտրանքային փուլից:Յուրաքանչյուր փուլ ունի երեք խաղացող:

Խումբը կազմված կլինի 10 հոգուց(1 շարք):30 հոգանոց դասարանում կլինի 3 խումբ:Յուրաքանչյուր խաղին կմասնակցի 10 հոգուց 3-ը:Հաջորդ փուլին`մյուս 3-ը:Խմբի ղեկավարը,ով ընտրվում է նախապես,ուժեղագույնն է մասնակցում է սուպերխաղին:

Գրատախտակին փակցվում է պաստառ`4 շարքից կազմված գրպանիկներով:

 

 <<ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ>>

Յուրաքանչյուր գրպանիկում 3 հարց է տեղադրված,որը ընտրովի տարբերակով քաշում է աշակերտներից 3-ը:

Գրպանիկներին ամրացված են փայլաթիթեղից պատրաստված բանալիներ:Ճիշտ պատասխանելու դեպքում բանալին մնում է խմբին:Սխալ պատասխանելու դեպքում բանալին մնում է գրպանիկում:

Առաջին փուլն ավարտելուց հետո յուրաքանչյուր խումբ կամ շարք հաշվում է, թե 3 հարցից քանիսին է պատասխանել և քանի բանալի ունի:

Նույնությամբ անց են կացվում հաջորդ 2 փուլերը,ապա`հաշվում բանալիները:Սուպերխաղն անց է կացվում միայն խմբերի ղեկավարների հետ:

Հաղթում է այն խումբը,ով շատ բանալիներ է կարողանում ձեռք բերել:Հաջորդ խաղերին իրավունք է տրվում,որ հենց հաղթող խումբը կազմի թեմատիկ ամփոփման հարցերը:

Դպրոցի պայմաններում հեշտությամբ կարելի է պատրաստել խաղի համար անհրաժեշտ պարագաներ:

Ստվարաթղթից կտրել բանալիներ և երկու կողմից սոսնձել փայլաթիթեղ:
Գրպանիկները պատրաստելու ամենահարմար եղանակը օրիգամի բաժակն:

Գրպանիկներում տեղադրվող հարցերը կազմել գլխագրում տեղ գտած թեմատիկ նյութերից:Նախապես կարելի է գրատախտակին գրել գլխագիրը:Օրինակ`<<Մարդու գործերն ու արարքները>>:

Փոքրիկ թղթերի վրա գրել տվյալ բաժնի թեմատիկ նյութերից հարցեր:Իսկ պատասխանի համար գծել դատարկ վանդակներ:

Այսպիսով,ձեզ ենք ներկայացնում այդպիսի մի հարցաշար:

1.<<Մեռած խիղճը>>ժողովրդական հեքիաթում ի՞նչ էր կախված հրապարակի սյունից,որը հայտնում էր որևէ մեկի մահվան բոթը:

    Զ Ա Ն Գ

 

2.Վիկտոր Բալայանի <<Անօրինակ սխրանք>> բնագրում ի՞նչ էր այն խիզախի անունը,ով կարողացավ երևանյան լճում փրկել քսան մարդու կյանք:

Շ Ա Վ Ա Ր Շ

 

3.<<Ամենափրկիչը>> նյութում ինչպիսի՞ հատկանիշով էր բնութագրվում Լենկթեմուրը:

Բ Ռ Ն Ա Կ Ա Լ

 

4.<<Ամենափրկիչը >> բնագրում ծերունի Առաքելը ինչերի՞ էր վերածում մարդկանց:

Թ Ի Թ Ե Ռ Ն Ե Ր

 

5.<<Ագահության զոհը>> հեքիաթում ավագ որդին ինչո՞վ է կտրում օձի պոչը:

Դ Ա Շ ՈՒ Յ Ն

 

 

6.<<Իսկ դու կարողանու՞մ ես ընկերություն անել>>  տեքստում ու՞մ հետ էր ցանկանում ընկերություն անել փոքրիկ տղան:

Բ Զ Ե Զ

 

7.<<Կախարդական ծառը>> հեքիաթից իմացանք,որ Լուսնի վրա շատ ցուրտ է և …

Ա Մ Ա Յ Ի

 

8.<<Ամենափրկիչը>> նյութում ի՞նչ ստացավ թաթար զորապետը ծերուկ Առաքելից;

Ս Պ Ե Ղ Ա Ն Ի

 

Տարական դասարաններում ճիշտ ընտրված և իրականացված խաղի շնորհիվ կարելի է հասնել բարձր արդյունքների:Այստեղ նշված բոլոր խաղերը,ինչպես նաև խաղն առհասարակ,անհրաժեշտ է դիտել զարգացման մեջ`փոփոխելով ու հարմարեցնելով թե՛ուսումնական առարկային,թե տվյալ մանկավարժական գործընթացի նպատակներին և թե երեխաների տարիքային զարգացման աստիճանին,հետաքրքրություններին ու տրամադրություններին:

ԸԹԵՐՑԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ 

 

Ընթերցանություն, խորհրդանիշերի վերծանման բարդ ճանաչողական գործընթաց՝ ուղղված տեքստի հասկանալուն: Լեզվի յուրացման, հաղորդակցության, տեղեկության և գաղափարների փոխանակման միջոցներից մեկը: Ընթերցանությունը տեքստի և կարդացողի միջև բարդ փոխազդեցություն է, որը ձևավորվում է նախնական գիտելիքների, փորձի և կարդացողի լեզվային ընդհանրության վերաբերմունքի հիմքի վրա, պայմանավորված մշակույթով և սոցիալական վիճակով: Բացի այդ, ընթերցանությունը պահանջում է ստեղծագործական մոտեցում և քննադատական վերլուծություն: Ընթերցանության մեջ չկան կանոններ, ընթերցողին ընթերցանությունում ոչինչ չի սահմանափակում: Այն օգնում է հետազոտել տեքստերը մեկնաբանության ընթացքում: Ընթերցողները օգտագործում են ընթերցանության տարբեր ռազմավարություններ՝ ընտրելով հարմարության նկատառումներից: Որոշ դեպքերում գրքերում օգտագործում են ծանոթագրություններ, որոնք բացատրում են անծանոթ բառերի իմաստները:

Ընթերցանությունն օգնում է իրազեկ դառնալ գոյություն ունեցող խնդիրների մասին` ցույց տալով դրանց հաղթահարման ուղիները։ Ընթերցանությունը ինքնավստահություն է ապահովում եւ օգնում է ազատվել սեփական անլիարժեքության ու սահմանափակ լինելու զգացումներից։ Ընթերցանությունն ամրապնդում է համոզմունքներն ու հայացքները, մտածելակերպ ու աշխարհայացք է ձեւավորում, անհատին պատրաստում է ընդունել նորը, ինչպես նաեւ կարծիքների փոխանակման ու քննարկումներին մասնակցելու արվեստ է սովորեցնում։ Եվ ի վերջո, ընթերցանությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ գրականության գոհարների հետ։

Որեւէ հետաքրքիր բանի ընթերցումը մարդուն դուրս է բերում լարվածությունից եւ հանգստացնում է։ Գիրքն ու դրա հանդեպ տածած հետաքրքրությունը ժառանգաբար չեն փոխանցվում։ Դա գիտելիքներ ձեռք բերելու միջոց է, որի օգնությամբ ուսուցումը պատանի հասակում զգալիորեն հեշտանում է։ Ուստի` կարեւոր է գրքի նկատմամբ ճիշտ վարմունք դաստիարակել, եւ գրքի նկատմամբ հետաքրքրությունը կառաջանա ինքնըստինքյան. մարդն ի վիճակի է վերացնել ընթերցանությանը խանգարող բոլոր խոչընդոտները։

Համապատասխան միջավայրի ու պայմանների նախապատրաստման միջոցով մշակութային զարգացումը նպաստում է ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։ Դրա լավագույն օրինակներից է գրպանային գրքերի հրատարակման քաղաքականությունը, ինչի շնորհիվ գիրքը կարող է մշտապես «ներկա գտնվել եւ զարդարել անտեղի անցկացվող ժամանակը»։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՋ ՍԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
Ինչո՞ւ երեխաները չեն սիրում ընթերցել: Միգուցե չեն կարողանում: Այս դեպքում խոսքը ոչ թե տառերը չիմանալու, այլ գրքերը հասկանալու և ապրելու կարողության բացակայության մասին է:

Առաջարկում ենք ծանոթանալ «Գրքային գիդ» կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Մարթա Ռայցեսի «Ընթերցանության օրագրին»:

Ըստ նրա՝ եթե փորձենք երեխային սովորեցնել ընթերցել հետաքրքրաշարժ եղանակով, ապա նրան անպայման դուր կգան գրքերը: Բացի այդ, կսկսեն վերլուծել, հիշել, քննարկել ու ստեղծագործել:

Օրագիր ունենալու առավելությունները
Օրագիրը մարզում է հիշողությունը, քանի որ երեխան չի կարող հիշել գրքի բոլոր մանրամասները: Դա նվազեցնում է ընթերցելու ցանկությունը: Օրագրում նշումներ կատարելով՝ նրան այլևս չի անհանգստացնի որևէ բան մոռանալու խնդիրը:
Օրագրի շնորհիվ նաև զարգանում է ինտելեկտը:

Օրագրում գրառումներ անելն օգնում է զարգացնել գրավոր խոսքը, լեզվի կարողությունները, գրել փոխադրություններ, շարադրություններ, թելադրություններ:

Ըստ Մարթա Ռայցեսի՝ ոչինչ այնքան չի մոտիվացնում ընթերցողին, որքան մտածելու ազատությունը:
Մարթա Ռայցեսի օրագրում տեղ է հատկացված ոչ միայն ընթերցանության գրառումների, այլև ազատ ինքնարտահայտման համար: Զայրույթը, տագնապը, հիացմունքն ու ուրախությունը երեխաները կարող են արտահայտել գրավոր ձևով:
Ընթերցողական օրագրի առաջին էջերում բացատրվում է, թե ինչպես գրքերը պետք է ընթերցել:
Մարթա Ռայցեսն առաջարկում է գործի դնել երևակայությունն ու պատկերացնել դեպքերի ընթացքը, գրել գրքի ավարտը և այլն: Դա օգնում է մարզել երևակայությունը, նպաստում է սեփական մտքեր արտահայտելուն:

Յուրաքանչյուր գիրք նման է նոր կղզու, խորը օվկիանոսի, հին քաղաքի:

Խնդրեք երեխային նկարել քարտեզ ու գրանցել դեպքերն ու կերպարները, գործողությունների վայրն ու ժամանակը: Դա օգնում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:
Խնդրեք երեխային նշել գրքերում հիշատակվող խմիչքների և ուտեստների անվանումները, ապա միասին փորձեք պատրաստել ու հյուրասիրել ընկերներին:
Ընթերցանության ընթացքում երեխաները կարող են դուրս գրել մեջբերումները, նոր բառերն ու հետաքրքիր փաստերը, նկարազարդումներ անել, գրել գրախոսություններ, կազմել խաչբառեր:

Ինչպես գիտենք, երեխաներն աչքի են ընկնում հետաքրքրասիրությամբ: Քայլելուն պես նրանք սկսում են ուսումնասիրել ամեն ինչ՝ փորձելով բացել դարակները: Գիրքն էլ մի այդպիսի դարակ է: Հնարավոր է երեխան մոռացել է այդ մասին, քանի որ գրականությունն վերածվել է ձանձրալի կարգուկանոնի, որտեղ գնահատում ու պատժում են սխալվելու համար:

Ընթերցողական օրագիրը ընթերցանությունը վերածում է ստեղծագործական ճանապարհորդության, որտեղ կարելի է խաղալ, երևակայել, ուսումասիրել ու զարգացնել ընթերցելու կարողությունը: Այն կա յուրաքանչյուրի մոտ, ուղղակի անհրաժեշտ է բացել:

Իսկ ի՞նչ են կարդում այսօրվա երիտասարդներն ամբողջ աշխարհում։ Ուսումնասիրելով   ամերիկյան և ընդհանրապես աշխարհում կիրառական դպրոցական գրականության ծրագրերը՝  պարզում ենք, որ տարածված են ինչպես դասականների՝ Հոմերոսից, Շեքսպիրից մինչև Չարլզ Դիքենս, Մարկ Տվեն ու Մարգրետ Միթչել , այնպես էլ ժամանակակիցների՝ Օրուելի, Գոլդինգի, Կաֆկայի գործերը, նաև ռուս գրականություն՝ Տոլստոյ, Դոստոևսկի։  Հայ սովորողների ընթերցանության ցանկը շատ չի տարբերվում։ Բայց մեր խոսքի առարկան կլինի մասնավորապես 20-րդ դարի համաշխարհային գրականությունը։

Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում ընթերցանության լուրջ փորձառություն կա։ Կոտրելով «Հայ գրականության պատմություն» կոչվող պետական ծրագրի կարծրատիպը՝ նոր մոտեցում ունենք ոչ միայն ծրագրի, այլև դրա իրականացման մեթոդի նկատմամբ։ Մարգարիտ Սարգսյանն, օրինակ, օգտագործում է կինոպոեզիան (կինոբեմադրությունը)։ Պատկերի, կադրի լեզվով սովորողները «վերաշարադրում են» նյութի ոչ այնքան տեքստը, որքան բովանդակությունը։ Ընթերցանությանն են դիմում նաև թատրոնի դասերին (ղեկ.՝ Քնարիկ Ներսիսյան)։ Այստեղ էլ բեմադրության, էտյուդի ու պարի լեզվով են արտահայտում ստեղծագործության դրվագը, տրամադրությունը կամ, որ ավելի հետաքրքիր է, ասելիքը։ Կիրառելի ուսումնական նյութ է դառնում նաև սովորողի՝ սեփական նկարներով ձևավորած աուդիոընթերցանությունը։ Այս դեպքում լուսանկարների և ընթերցանության շեշտադրման միջոցով է սովորողն ակնարկում իր անձի ու հեղինակի ստեղծած կերպարի համահունչությունը։ Ցանկացած բեմականացման նախորդում է, իհարկե, վերլուծությունը. «Առաջին քայլը,- գրում է Քնարիկ Ներսիսյանը,- ստեղծագործության, հեղինակի հետ ծանոթությունն է (նստում ենք հատակին, քանի որ համարում ենք, որ հանդիսատեսն ու բեմը պետք է մի մակարդակի վրա լինեն), հետո փորձում ենք վերլուծել հեղինակի ասելիքը, պիեսից ներկայացմանը հասնելու գործընթացը»:

Այս մեթոդի թերությունն այն է, սակայն, որ լավագույն դեպքում, սովորողների մի խումբն է միայն մասնակցում նյութի ստեղծմանը, եթե անգամ վերլուծությանը մասնակցում են բոլորը։
Յուրաքանչյուր սովորողի իր ասելիքով ներկայանալու հնարավորություն է ընձեռում գրավոր վերլուծությունը՝ էսսեն։ Սա գրավոր խոսքը մշակելու լավ միջոց է, որ կիրառվում է ոչ միայն գրականության ու մայրենի խոսքի մշակույթի առիթով։ Սովորողներն էսսե են գրում փիլիսոփայությունիցտնտեսագիտությունիցքաղաքացիական իրավունքից և այլն։ Եթե հասարակագիտական մի շարք առարկաներից էսսեն առաջ քաշած խնդրի՝ ուսուցչի հետ քննարկման և որոշ աղբյուրների ուսումնասիրության արդյունք է, ապա գրականությունից դա սովորողի՝ ընթերցանությունից ստացած տպավորությունն է։ Սա ևս մեզանում լայնորեն կիրառվող մեթոդ է։ Սովորաբար սովորողներն ընթերցում են նյութը, մտքերը գրի առնում և քննարկում դասարանում։

Երբ միանգամից հանձնարարում ես ընթեցանության մի քանի նյութ, սովորողներն ընդվզում են. կարծում են՝ բոլորը միասին պիտի ընթերցեն։ Թեպետ բոլորը միասին ընթերցելու գաղափարն ամենևին էլ անիրագործելի չէ։

 

ԳՐԱԴԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ԴԵՐԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԱՐՈՒՄ

Արդի տեղեկատվության բազմազանությունն ու ծավալն ակնհայտ են դարձնում , որ դպրոցը ՝ մանկավարժը , աշակարտը և ծնողը կանգնած են գիտելիքի ահռելի պաշարների առջև,որոնց յուրացումյ գրեթե անհնարին է:Պետք է ճշգրտվի ՝ արդյոք մենք նպատակ ունենք աշակերտին սովորեցնել ամեն ինչ:Այդ պատճառով ուսուցիչը, ծնողը պետք է տեղյակ լինեն երեխայի հետաքրքրությունների շրջանակին և աղբյուրների:Ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները դուրս են եկել մշտական, կայուն հսկողությունից.ուստիև երեխան հաճախ ձեռք է բերում իր տարիքին չհամապատասխանող տեղեկատվություն, ինչից էլ բխում են բազմաթիվ խնդիրներ:

Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք նոր տեխնոլոգիաների և համակարգիչների դարում, և այն ինչի հետ որ մենք առնչվում ենք թե´ տանը, թե´ աշխատանքային վայրում, և իհարկե` դպրոցում, անմիջական կապ ունի թվայնացման հետ: Այսօրվա նոր սերնդի երեխաների մասին ասում են` «ծնվել է պուլտը ձեռքին»: Եվ ի՞նչ կարող է տալ «ամենագետ» երեխային` մեր ժամանակակից սովորողին, դպրոցի գրադարանավարը :Գրադարանը պետք է լինի ավելի շատ ծավալուն ու ֆունկցիոնալ, քան ավանդական գրադարանը, որովհետև այստեղ երեխաները ոչ միայն ընթերցում են գրքերի միջավայրում, այլև հետազոտում են, հարստանում են գիտելիքներով, շփվում են միմյանց հետ: Հյուրընկալ միջավայրը տրամադրում է երեխաներին ավելի շատ ժամանակ անցկացնել գրադարանում, քանի որ այստեղ կարելի է գտնել նրանց հուզող հարցերի պատասխանները, հանդիպել ընկերներին և պատրաստել դասերը, գրել ռեֆերատներ, մասնակցել քննարկումների, հավաքել նյութեր հետազոտական աշխատանքների համար: Չէ՞որ միայն գրադարանում կան այդքան զանազան գրքեր, դասագրքեր, բառարաններ, հանրագիտարաններ: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ պայմանների մասին, որտեղ պետք է իրագործվեն թե´ անհատական, թե´ խմբային աշխատանքները: Բոլորս գիտենք, որ աշակերտին օգնելու համար գրադարանավարից պահանջվում են գիտելիքներ և´ ինտելեկտուալ, և´ տեխնիկական, և´ հոգեբանական, որովհետև գրադարանավարը շփվում է ամբողջ դպրոցի անձնակազմի հետ: Եթե գրադարանը բաց է մինչև դասերի սկիզբը, ապա աշակերտները շտապում են գրադարան, որպեսզի ինչ-որ դաս կրկնեն, կամ տնային առաջադրանքները ավարտեն, ուսուցիչները ` դասին անհրաժեշտ նյութը ստանալու համար կամ, ինչո՞ւ ոչ, նաև գրադարանավարի ջերմ խոսքով լիցքավորվելու համար: Դասերի ընթացքում գրադարանը նույնպես պետք է աշխատի, որովհետև դասը լիակատար անցկացնելու համար կարող են քարտեզներ, ատլասներ, բառարաններ, և այլ տեղեկատվական աղբյուրներ անհրաժեշտ լինել, և, ի վերջո, կարելի է դասը անցկացնել անմիջապես գրադարանում` գրքերով ու ծաղիկներով շրջապատված, կամ մաթեմատիկայի, կենսաբանության, և նույնիսկ հեքիաթի անկյուններից մեկում: Գրադարանի,գրքի, ընթերցասիրության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար պետք է անցկացնել մի շարք միջոցառումներ ՝դպրոցական գրադարանի « հիվանդ »գրքերի բուժում, գրքերի նվիրատվություն, միջոցառումներ ՝ նվիված գրքին:Բեղմնավոր գործունեություն ունեցող դպրոցն այսօր շարունակում է իր ճանապարհը ՝ նոր սերունդի կրթադաստիարակչական աշխատանքը նորովի , արդիական հիմքերի վրա դնելով:

Այսօր ժամանակակից գրադարանը կարող է տրամադրել տեղեկատվության բազմատեսակ միջոցներ ՝ գրքեր,գրքույկներ , պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, նոտաներ, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ՝ լազերային սկավառակներ ,սեղմասալիկներ ևն:

 

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ Է ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Անչափ կարևոր է ընթերցանությանը նպաստող միջավայրը:Մի բան պարզ է,որ այսօր երեխաները քիչ են կարդում:Դա էլ իր բացատրությունն ունի : Տեխնիկապես հագեցած մեր դարում հեռուստացույցը , համակարգիչը և այլ ժամանակակից սարքեր փոխարինում են գրեթե ամեն ինչին: Այնուամենայնիվ, անկախ ժամանակից և պայմաններից, գրագետ և խելացի անհատի ձևավորման գործում գրքերը մնում են առաջին տեղում:Գրականությունն ունի ճանաչողական, հոգևոր-բարոյական մեծ արժեք, որը բնութագրում է նաև հոգևոր
զարգացման չափանիշները: Այսինքն՝ գրականությունը հոգեկրթիչ դեր է կատարում
մարդու կյանքում, նրա համար ինքնակատարելագործվելու, դժվարությունները հաղթահարելու համար ուղիներ բացում:
Ճշմարտության, բարու, խղճի, գեղեցիկի, արդարության, ազատատենչության
գաղափարներն արտացոլված են գրական տարբեր ժանրերի ստեղծագործություններում:
Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների հերոսները հոգևոր
բարձրագույն արժեքներ կրողներ են: Առանձնապես մեծ է դրական կերպարների ներգործությունը, որոնք սերունդներ են դաստիարակում իրենց խիզախության,
անձնազոհության օրինակներով: Ուրեմն ինչպե՞ս  երեխաների մեջ սեր արթնացնել ընթերցանության հանդեպ:Հետաքրքիր և արդյունավետ ինքնուրույն ընթերցանությունը պետք է դուրս գա գրադարանի սենյակից:

Ընթերցանություն պետք է կազմակերպել նաև բնության գրկում:Յուրաքանչյուր ընթերցանություն դարձնել տեսանելի,հուզիչ և առավել ընկալելի: Բնությունը զարգացնում է սովորողների երևակայությունը,
դիտողունակությունը: Սակայն դա ինքնաբերաբար չի կատարվում: Բնության
գեղեցկությունը, նշանակությունը ընկալելու, հասկանալու համար անհրաժեշտ է
նախապատրաստական որոշակի աշխատանք կատարել: Երեխային պետք է
դաստիարակել այնպես, որ նա ընկալի բնության հմայքը, գեղեցկությունը, լինի
գեղագիտական արժեքների կրողը:

Եխաների մտքի և զգացմունքների վրա ներգործությունն ուժեղացնելու իմաստով էական նշանակություն ունեն ընթերցանությունից հետո անցկացվող զրույցները:Դրանք աշակերտներին հնարավորություն են տալիս կրկին անդրադառնալ գրքի բովանդակությանը: Միաժամանակ նպաստում են երեխայի խոսքի ակտիվացմանը և բառապաշարի հարստացմանը:

Նպատակը

  • հասկանալ կարդացած տեքստի բովանդակությունը,կարդացածի վերաբերյալ առաջադրված հարցերը ,նկարազարդման և սեփական կենսափորձի միջև կապերը
  • լսել դիմացինի խոսքը, արձագանքել,բանավիճել ՝ նոր փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելով
  • մասնակցել խմբի գործունեությանը և հանդես բերել տարբեր դերեր ստանձնելու կարողություններ
  • ուշադրություն դրսևորել ուրիշների կարծիքների և գաղափարների հանդեպ ,զրույց սկսել խմբի անդամների հետ
  • պատկերացնել որոշ գրական ստեղծագործությունների կապը ժողովրդի պատմության ու մշակույթի հետ

 

 

Գրքի տոն. ընթերցանության զարգացման նոր հնարավորություն

Որպես ընթերցանության զարգացման,խթանման նախաձեռնություն ստորև կներկայացնենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ծրագիրը:

Երևի չեք վիճի, որ երեխայի դաստիարակության հարցում ընտանիքից, շրջապատում իր տեսածից ու լսածից հետո ամենամեծ ազդեցությունն է թողնում ընթերցանությունը: Մեծահասակներից շատերի համար ընթերցանությունը ինքնակրթության և ընդհանրապես կրթության միջոց է, ոմանց համար էլ` պարզապես հանգստանալու լավ ձև։ Բայց երբ գործ ունենում երեխայի հետ, նրան դեռ պետք է քայլ առ քայլ մոտեցնենք գրքին: Ի՞նչ խոսք, այս այս դեպքում ևս ընտանիքում տեսած օրինակը առաջնային դեր ունի երեխայի համար: Բայց ժամանակակից դպրոցականը օրվա մեծ մասը անց է կացնում ուսումնական հաստատությունում, ազատ ժամանակի մի մեծ մասն էլ նվիրում է տնային առաջադրանքներին: Սա նշանակում է, որ նախակրթարանից և առաջին դասարանից սկսած երեխայի դաստիարակության մեջ մեծ դեր է խաղում ուսումնական հաստատությունը: Սովորողի ընթերցարանը, նոր հրատարակված գունազարդ գրքերը ընթերցանության խթանման և ընթերցողին դեպի գիրքը բերելու հնարավորություն են համարվում, որ կիրառել ենք մինչև այսօր, կիրառվելու են հետագայում։ Կրթահամալիրում դրան ավելացնում ենք ուսումնական կաբինետներում-ընթերցասրահում անցկացվող պարապմունքները, գրադարանի կայքում ստեղծված մեդիափաթեթները:

2013թ. համար մշակված «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» ուսումնական նախագիծը ընթերցասիրության զարգացման ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր և մատչելի հնարավորություն է:

Նախկինում էլ հրատարակչություններն ու գրադարանները (քաղաքային, ազգային) համատեղ իրականցնում էին գրքի ցուցահանդես-վաճառքներ և գրքի համալրման ու ընթերցանության խրախուսման այլ ձևեր: Բայց փորձեք հիշել մի դեպք, երբ հրատարակչությունը մտել էր ուսումնական հաստատություն: Նախկինում ուսումնական հաստատության և հրատարակչության միջև միջնորդ էին լինում այլ կառույցներ: Իսկ «Գրքի տոնը ուսումնական հաստատությունում» նախագծի շնորհիվ հրատարակչությունը մտավ կրթական հաստատություն առանց միջնորդի և առանց կոմերցիոն նպատակների:

Գրքի տոնի նախապատաստական աշխատանքը ևս ուսումնական աշխատանք էր, ընթերցանության խրախուսման յուրահատուկ ձև։

1. Կապ հաստատեցինք հրատարակչության հետ:
2. Սովորողների փոքր խմբերով այցելեցինք տարբեր հրատարակչություններ, ինչն անմիջապես լուսաբանվում էր mskh.am-ում սովորողների կողմից:
3. Կրթահամալիրում հյուրընկալեցինք հրատարակչության ներկայացուցիչներին:
4. Հրատարակչության կողմից առաջարկվեցին նոր հրատարակված գրքեր, որոնք կարժանանային ընթերցողների կողմից առանձնակի ուշադրության:
5. Ընտրված գրքերը հատվածաբար թվայնացվեցին:
6. Գրադարանը ծանոթացրեց ընթերցողին այդ գրքերի հեղինակների, բովանդակության հետ, որպես յուրահատուկ «գովազդ»` սովորողներին մատուցեց ամենահետաքրքիր հատվածները գրքերից:
7. Ընթերցանությունն ավելի գրավիչ դարձնելու և ընտրված ստեղծագործությունները տարբեր անկյուններից դիտարկելու համար գրադարանն ընթերցողին մատուցեց նաև ընտրված ստեղծագործությունների էկրանավորումները (ֆիլմ, մուլտֆիլմ), ծանոթացրեց ընթերցողին դրանց հաջողությունների, երաժշտության հետ:
8. Կրթահամալիրի դպրոցներում հետազոտող դասավանդողները ծանոթացրին սովորողներին գրադարանի մատուցած նյութերին, ընտրված ստեղծագործությունների համար պարապմունքների ծրագրեր մշակվեցին:
9. Մշակվեց նախագծի առաջին տոնի մանրամասն ծրագիրը:
10. Գրքի տոնը, ինչպես կրթահամալիրի մյուս տոները, իր հանդիսավոր բացումն ունեցավ Մարմարյա սրահում. սովորողներին ողջունեց կրթահամալրի տնօրենը, ով ևս մեկ անգամ հիշեցրեց գրքի` և´ տպագիր, և´ մեդիա, և ընթերցանության կարևորությունը մեր կյանքում:
11. Սկսվեց ցուցահանդես-վաճառքը: Կրտսեր և միջին դպրոցների սաները բաժանվեցին խմբերի, մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին: Սովորողներին խմբերի բաժանելիս հաշվի էինք առել տարիքային առանձնահատկությունները` հասակակիցների հետ շփումը, աշխատանքը, քննարկումը, ընթերցանությունը:
12. Ընթերցասրահում արդեն տեղի ունեցավ ընտրված գրքերի շնորհանդեսը: «Շնորհանդես» բառը այստեղ տեղին չէ, որովհետև շնորհանդեսը ենթադրում է պասիվ հանդիսատես: Իսկ մեզ մոտ, ինչպես գիտենք, հանդիսատես չկա, կան միայն մասնակիցներ: Սովորողներին դիմավորեցին Գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի ակումբի սովորողները` որպես հեքիաթների հերոսներ, ովքեր ներկաներին բաժանեցին փոքր խմբերի և դարձրին մինի-ներկայացման մասնակիցներ: Մասնակիցների մի քանի խումբ միաժամանակ սիրված հերոսի հետ բեմադրում էր հատված իր հավանած ստեղծագործությունից: Այսպիսով գիրքը դարձավ ավելի «կենդանի» և ավելի գրավիչ: Մինի-ներկայացումներն ուսումնական աշխատանք էին նաև թատրոնի ակումբի անդամների համար, ովքեր նախօրոք պատրաստվել էին դրանց, ծանոթացել գրքերի հետ: Ընթերցասրահում Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն այնքան էին ոգևորվել, որ միաժամանակ և´ կերպար էին, և´ դերասան, և´ բեմադրող, և´ ընթերցավար: Ապրե՛ք, երեխաներ:
13. Այս ամենին «խառնել» էինք նաև ծնողներին: Այսպիսով գիրքը մտավ դասարան ու ընտանիք:
14. Ընթերցասրահից հեռանալուց հետո յուրաքանչյուր դասարան իր տեսածն ու լսածը վերհիշեց կայքում նյութ (ֆիլմ, ֆոտոշարք, հոդված) թողարկելիս:
15. Շատ կարևոր է նախագծի լուսաբանումը լրատավամիջոցների կողմից, ինչպես նաև գրքի տոնի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը Մարմարյա սրահում:

Գրադարանավարը ուսուցիչների աշխատանքային գործընթացում

Կրթակարգին վերաբերվող ծառայություններ
Գրադարանավարը պետք է.
• միշտ ձգտի մասնակցել ուսումնական ծրագրերի զարգացմանն ու պլանավորմանն ուղղված հանդիպումներին և գրառումներ անի գրադարանին անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ,
• ներկայացնի առաջարկություններ գրադարանի ռեսուրսների և կրթակարգի պահանջներն ապահովելու համար անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսների վերաբերյալ,
• նպաստի համակարգչային գրագիտության ինտեգրմանը յուրաքանչյուր առարկայի ուսուցման ժամանակ և համոզվի, որ յուրաքանչյուր սովորող ստանում է ամբողջական գիտելիք տեղեկատվական գրագիտության ուղղությամբ,
• ստեղծի աշխատանքային գրաֆիկ, որը հասանելի է բոլոր մեթոդմիավորումներին և ներկայացնում է յուրաքանչյուր առարկայից համակարգչային գրագիտության դասավանդման ժամերն ու դասասենյակները,
• համագործակցի ուսուցիչների հետ առաջադրանքների և անհատական աշխատանքների պլանավորման ուղղությամբ և տեղյակ պահի նրանց գրադարանի ռեսուրսների հասանելիության, դրանց ստանալու ժամկետների, գրացուցակների լրացման և դրանց պատրաստ լինելու մասին,
• աջակցի յուրաքանչյուր առաջադրանքի պլանավորմանը և ըստ հնարավորության` ժամկետների պահպանմանը:
• տեղեկացնի ուսուցիչներին ռեսուրսների նոր ձեռքբերումների մասին, որոնք կարող են օգտագործվել իրենց առարկաների ուսուցման ընթացքում, որպեսզի նրանք մշտապես տեղյակ լինեն և ծանոթանան գրադարանում հասանելի նոր ռեսուրսներին,
• սովորեցնի ուսուցչական աշխատակազմին և աշակերտներին ինտերնետից արդյունավետ օգտվելու միջոցները. ինչպես սահմանել տեղեկատվության որոնման ոլորտները և կիրառել որոնման տարբեր եղանակներ,
• լիովին ինտեգրված լինի գրականության մեթոդմիավորմանը ծրագրային նյութերի ընթերցման և ընթերցողական խմբերի ձևավորման առումով` սովորողների մեջ ընթերցանության նկատմամբ սիրո ձևավորմանը նպաստելու համար,
• պատրաստակամ լինի մասնակցել գրադարանից դուրս ավելի լայն հնարավորություններով գործողություններին, դրանք կարող են լինել հանդիպումներ, գործուղումներ, խաղեր, բեմադրություններ, քննարկումներ  և այլն:

Այլ ծառայություններ ուսուցիչներին
• Գրադարանավարը պետք է համագործակցի ուսուցիչների, դպրոցի տնօրենի հետ գրադարանի ռեսուրսների զարգացման ուղիների և միջոցների ընտրության հարցում,
•Գրադարանավարը պետք է ներկայացնի աշխատակազմին, նոր աշխատակիցներին և ուսուցիչներին խթանող ծրագրեր` գրադարանից օգտվելու ձևերի և համակարգչային գրագիտության հիմնական սկզբունքների մասին
• Գրադարանավարը պետք է ակտիվ մասնակցի աշխատակազմի բոլոր վերապատրաստումներին,
• Գրադարանավարը պետք է աջակցի ուսուցման և ուսումնառության ռազմավարության պլանավորման գործին:

• Դպրոցի ուսումնական պլատֆորմը դպրոցի web-կայքն է, որում տեղադրված են էլեկտրոնային ուսումնական ռեսուրսները: Սովորողները պետք է ունենան սեփական կոդեր և կարողանան տեղադրել ու պահպանել իրենց աշխատանքները, կատարել տնային աշխատանք, պահպանել և վերանայել ռեսուրսները և այլն:
• Եթե դպրոցի ուսումնական պլատֆորմը բացակայում է, ապա դպրոցը պետք է մշակի գրադարանի Webկայք: Այն կդառնա գրադարանի գովազդի, աջակցման և տեղեկատվական պլատֆորմը:

Դպրոցի գրադարանի Web-կայքը
• Դպրոցի Web-կայքը պետք է մշտապես վերանայվի և արդիականացվի.
• նոր գաղափարներով,
• կրթակարգին և առարկաներին վերաբերող նոր կայքերով, որոնք կարող են օգտակար լինել,
• ընթերցողության նոր էջերով,
• նոր հղումներով /RSS feeds/,
• բլոգերով.
• Wiki-կայքերով,
• նոր իրադարձություններով,
• շաբաթվա ընթերցումներով,
• նոր գրքերի տեսությամբ,
• նոր ակումբներով և այլ միջոցառումներով:

Գրադարանի ծառայությունները ուսուցիչների համար
• Գրադարանը պետք է ստեղծի ռեսուրսների ցանկ, որը հասանելի է գրադարանում կրթակարգի յուրաքանչյուր առարկայի և հետազոտական ծրագրերի համար: կազմակերպվում են հանդիպումներ առարկայական մեթոդմիավորումների ղեկավարների հետ, և համաձայնեցվում են ռեսուրսների պատրաստ լինելու
ժամկետները:
• Ունենալով ուսումնական տարվա համար պահանջվող ռեսուրսների ցանկը, գրադարանավարը կարող է նշել
առավել կարևորները և հասկանալ, թե երբ տվյալ ռեսուրսը կպահանջվի սովորողներին:
• Առարկայական մեթոդմիավորումների հետ պետք է վարել որոշակի բանակցություններ, որպեսզի բոլոր ուսումնական նախագծերը չնախատեսվեն միևնույն ժամանակահատվածում:
• Դա հնարավորություն կտա գրադարանին ունենալ շրջանառու պատկեր ակտիվ և գործող նախագծերի վերաբերյալ:
• Դպրոցներից շատերում որոշ նախագծեր կրկնվում են տարեց տարի, և նախորդ տարվա ամենահաջողված նախագծերը պետք է տեղափոխվեն հաջորդ տարվա ցուցակ, որպեսզի քաջալերվեն բարձր չափանիշներով կատարված նախագծերը:
• Գրադարանը յուրաքանչյուր առարկայից պետք է ունենա գրքերի լայն ընտրություն` գնելով կամ փոխառելով
դրանք այլ դպրոցներից կամ մոտակա հանրային գրադարաններից:
•Նման հարաբերությունների հաստատումը կարող է դառնալ նաև գաղափարների փոխանակման կարևոր աղբյուր:
• Սեփական ուժերով ստեղծված և ցուցադրված ռեսուրսները պետք է լինեն գրավիչ:

20190513_095643.jpg

Գրականության ցանկ

https://lib.armedu.am/search/result/date_created/desc

https://nonnalibrary.wordpress.com/page/1/

https://dpir.mskh.am/hy/search/node/%D5%84%D5%A1%D6%80%D5%AB%20%D4%B3%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

Գրականությունը դասագրքերում

 

Реклама